«Օրենքը միտված է կարգավորելու խոշոր բիզնեսի փաստաթղթաշրջանառությունը՝ դուրս բերել դրանք ստվերից, ինչը արվելու է նաև ձեր միջոցով»,- նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը տոնավաճառների առևտրականների ներկայացուցիչների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Սեպտեմբերի 23-ին՝ առավոտյան ժամը 10.00-ին, Երևանի գրեթե բոլոր տոնավաճառների առևտրականների հոծ բանակը խոշոր ցույց էր կազմակերպել կառավարության շենքի առջև։ Նկատենք, որ վարչապետը բողոքողների ներկայացուցիչներին ընդունեց այն բանից հետո, երբ նրանք «ամո՛թ, ամո՛թ վարչապետին» վանկարկելով՝ խոստացան մնալ կառավարության շենքի մոտ այնքան ժամանակ, մինչև վարչապետն անձամբ իրենց լսի։
Վարչապետը լսեց, վաճառականները բողոքեցին. «Ինչի՞ համար նոր ՀԴՄ-ներ տեղադրենք, եթե եղածները նորմալ գործում են, ինչո՞ւ առևտուրը կատարենք հաշիվ-ապրանքագրերով, դրանով մեզ պարտադրելով հաշվապահ պահել»։ Ինչուները շատ էին, իսկ ամենագլխավոր ինչուն, որը ամբողջ ակցիայի մեխն էր. «Ինչո՞ւ եք այս օրենքով արտոնություն տալիս հարկայինին, որ ցանկացած ժամանակ մեզ մոտ ստուգում իրականացնի։ Առանց այդ էլ հարկային բառը լսում ենք, տեղներիցս վեր ենք թռչում»։ Նշում էին բողոքողները և վարչապետից խնդրում հարցին լուծում տալ։
Իհարկե, հանդիպումը չանցավ առանց երկկողմ մեղադրանքների։ Վարչապետը նկատեց. «Եթե մաքուր եք աշխատում, ինչո՞ւ եք վեր թռչում հարկային բառը լսելիս»։ Հարցադրումն անպատասխան չմնաց: «Հայաստանում ո՞վ է մաքուր աշխատում, որ»,- ասաց վաճառականներից մեկը։
Մի խոսքով, հանդիպումը բուռն էր, լի բազմակետերով և մինչև վերջ չասված արտահայտություններով։ Գուցե դա էր պատճառը, որ վարչապետ-բողոքողներ երկխոսության մեջ պարզաբանում փորձեց մտցնել ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը. «Հարկային մարմիններն առանց կառավարության ղեկավար ցուցումների առևտրականների մոտ ստուգումներ չեն անցկացրել»։ Այդպիսով Արմեն Ալավերդյանը բողոքողների մեղադրանքն իրենց դաշտից ուղղորդեց դեպի...
Վաճառականներն էլ իրենց հերթին խնդրեցին վարչապետին փոքր և միջին բիզնեսի միջոցով խոշորների ստվերի դեմ պայքար չիրականացնել և գտնել այլ լուծումներ։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ